շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայի կառավարությունը պատրաստակամ է ՌԴ-ի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերց

Սիրիայի կառավարությունը պատրաստակամ է ՌԴ-ի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերց

Սիրիայի նոր վարչակազմի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան պատրաստակամություն է հայտնել Սիրիայում ռուսական բազաները պահելու հարցում՝ պայմանով, որ Կրեմլի հետ ցանկացած համաձայնություն բխի Սիրիայի շահերից։ Այս մասին  ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը։

Աբու Կասրան հաստատել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական նոր վարչակազմի նկատմամբ էականորեն բարելավվել է 2024 թ. դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո՝ նշելով, որ «Դամասկոսն ուսումնասիրում է Մոսկվայի պահանջները»։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանին թույլ կտան պահել Տարտուսում գտնվող ռազմածովային բազան և ծովափնյա Լաթաքիա քաղաքի մոտակայքում գտնվող Հմեյմիմ ավիաբազան, նախարարը պատասխանել է. «Այո, եթե Սիրիան օգուտներ ստանա դրանք պահելուց»։ Նա հավելել է, որ քաղաքականության մեջ մշտական ​​թշնամիներ չկան։

Աբու Կասրան հայտնել է, որ Սիրիան ուսումնասիրում է մի քանի երկրների հետ պաշտպանական համաձայնագրերի կնքումը՝ պարզաբանելով, որ Դամասկոսը զգայուն բանակցությունների մեջ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ՝ կապված Սիրիայում նրանց ռազմակայանների կարգավիճակի հետ:

Նա նաև մատնանշել է, որ Թուրքիայի հետ նոր ռազմական համաձայնագրերը կարող են ներառել երկրում թուրքական ուժերի կրճատում կամ վերաբաշխում։

Ինչ վերաբերում է ամերիկյան ռազմաբազաներին, այդ հարցը դեռևս բանակցությունների փուլում է։ 

«Բոլորը սպասում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուն, և որոշակի ժամանակ է պահանջվում ԱՄՆ վարչակազմի և Սիրիայի նոր կառավարության միջև  խնդրի կարգավորման համար», - ասել է Սիրիայի պաշտպանության նախարարը:

  • Կիսվել: