ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Շոտլանդիան 2022 թ. կսկսի նախապատրաստվել անկախության երկրորդ հանրաքվեին

Շոտլանդիան 2022 թ. կսկսի նախապատրաստվել անկախության երկրորդ հանրաքվեին

Շոտլանդիայի կառավարությունը 2022 թ. պաշտոնապես կսկսի նախապատրաստվել անկախության հարցով երկրորդ հանրաքվեին՝ այն մինչև 2023 թ. վերջն անցկացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, փոխանցում է BBC-ն:

«Հաջորդ տարվա ընթացքում ես կնախաձեռնեմ մինչև 2023 թ. վերջը հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ գործընթացը»,- նշել է նա:

Սթերջենի խոսքով՝  հանրաքվեի աջակցության մոբիլիզացման արշավը կվերսկսվի 2022 թ., եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չխոչընդոտի դրան: «Եթե Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ինչ-որ չափով հարգում է ժողովրդավարությունը, ապա նա Շոտլանդիայի ժողովրդին թույլ կտա որոշել՝ ինչ պետք է անել հետագայում»,- նշել է Սթերջենը:

Անկախության հարցով նախորդ հանրաքվեն Շոտլանդիայում անցկացվել էր 2014 թ.: Քվեարկության մասնակիցների 55%-ը դեմ էր արտահայտվել անկախությանը: Սակայն ի տարբերություն ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորության՝ Շոտլանդիան դեմ էր արտահայտվել Brexit-ին՝ ցանկանալով մնալ Եվրամիության կազմում, ինչը Շոտլանդիայի ազգային կուսակցությանը հնարավորություն էր տվել առաջ տանել նոր հանրաքվեի գաղափարը:

  • Կիսվել: