Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնի շինարարությունը
Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա քաղաքի բնակիչներն այսօր փորձել են խաթարել մանկապարտեզի հարևանությամբ մոտ 900 ներգաղթյալների տեղակայման համար նախատեսված կենտրոնի շինարարությունը, տեղեկացնում է Իսպանիայի պետական հեռարձակող RTVE ընկերությունը։
Ինչպես հաղորդվում է՝ Սեուտայի մի խումբ բնակիչներ, դպրոցի աշակերտների ծնողներ և ուսուցիչներ փորձել են խանգարել Լոս Ռոսալես թաղամասում գտնվող Nuestra Senora de Africa մանկապարտեզի հարևանությամբ կենտրոնի շինարարության իրականացմանը։ Բողոքի գործողության մասնակիցներին հաջողվել է մի քանի ժամ խոչընդոտել շինարարությանը։ Նրանք տարածքը լքել են ոստիկանության աշխատակիցների հորդորների արդյունքում։
Կառուցվող կենտրոնի հարևանությամբ գտնվող մանկապարտեզը նախատեսված է մինչև երեք տարեկան մոտ 200 երեխաների համար։ Քաղաքում տիրող իրավիճակի պատճառով այն աշխատանքները դադարեցրել է մինչև սեպտեմբերի 28-ը։
Հիշեցնենք, որ Մարոկկոյին սահմանակից Սեուտան հուլիսի վերջին ենթարկվել էր անօրինական ներգաղթյալների զանգվածային ներթափանցման։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Մարոկկոյից ներթափանցած մոտ 72 հազար սահմանախախտի մասին։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը օգոստոսի վերջին հայտարարել էր, որ քաղաքում մնացել է մոտ 5 հազար ներգաղթյալ։



