Ռուսաստանը կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին ու շրջաններին. կան զոհեր
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Ռուսական «շահեդները» հարձակվել են Ուկրաինայի քաղաքների ու շրջանների վրա։
Կիևում, իշխանությունների տվյալներով, գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 90 մարդ։
Համակցված հարվածի տակ են հայտնվել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Պոլտավայի, Խմելնիցկու, Սումիի և Ժիտոմիրի շրջանները։ Խարկովի քաղաքապետը հայտնել է պայթյունների ու հրդեհների մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հարվածել է «Ուկրաինայի ավիացիայի, հրթիռային և տիեզերական, մեքենաշինության և զրահատեխնիկայի արդյունաբերության, ինչպես նաև հրթիռային վառելիքի ու վառոդի արտադրության ձեռնարկություններին»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան գրել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Կիևին հարվածելու համար օգտագործվել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «դժգոհ» է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա զանգվածային հարվածներից։ «Վլադիմի՛ր, ԿԱ՛ՆԳ ԱՌ»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ուժեղ ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ հույս ունենալով շուտով ավարտել պատերազմը։