Ռուսաստանում ռեժիսոր Կարեն Գևորգյանի ֆիլմի նկարահանման հրապարակում հարթակ է փլուզվել. 15 տուժածների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ
Ալեքսանդր Տվարդովսկու համանուն ստեղծագործության վրա հիմնված «Վասիլի Տերկին» ֆիլմի նկարահանումների ժամանակ տուժել է 15 մարդ, տեղեկացնում է РЕН ТВ-ն:
Նշվում է, որ նկարահանման հրապարակում կոտրվել է փայտե հարթակը, սկզբում նշվել է յոթ տուժածի մասին, սակայն հետագայում նրանց թիվն ավելացել է։
Նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադի մարզի Տոլմաչևսկի քաղաքային ավանում։ Տուժածները տեղափոխվել են Լուգայի միջշրջանային հիվանդանոց, նրանց մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Դեպքի ժամանակ նկարահանման հրապարակում ներկա է եղել նաև ռեժիսոր Կարեն Գևորգյանը, նա չի տուժել։
Գևորգյանը հայտնել է, որ վնասվածքներ է ստացել օպերատորը, տեսախցիկը կոտրվել է։ Հեռուստաալիքի հետ զրույցում ռեժիսորը միջադեպը կրիտիկական չի գնահատել, հետևաբար՝ աշխատանքը կշարունակվի։