Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անցել են դրական մթնոլորտում. ՌԴ դեսպան
Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններն անցել են դրական մթնոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան, Ստամբուլում ամերիկացի դիվանագետների հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Դարչիևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման վերաբերյալ երկկողմ փորձագիտական խորհրդակցությունների հերթական փուլն անցել է դրական մթնոլորտում և թույլ է տվել առաջ շարժվել այդ խնդրի լուծման հարցում, որն առաջադրել են երկու երկրների նախագահները»:
Դիվանագետը հավելել է, որ կողմերը նոտաներ են փոխանակել, որոնք ամրագրում են ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների անխափան բանկային և ֆինանսական սպասարկման փոխադարձ երաշխիքների մասին պայմանավորվածությունը` ներառյալ Ռուսաստանի Դաշնության վճարումները ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագետների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաև նրանց վիզային ձևակերպման հետագա միջոցառումների մասին»,-նշել է Դարչիևը:
Ըստ նրա՝ ՌԴ և ԱՄՆ դիվանագետները Ստամբուլում նշել են ամերիկյան նախորդ վարչակազմից «ժառանգած» դժգոհությունների առկայությունը, ռուսական կողմը խոսել է դիվանագիտական սեփականությունը ՌԴ-ին վերադարձնելու անհրաժեշտության մասին:
«Պատվիրակությունների ղեկավարներն արձանագրել են ամերիկյան նախկին վարչակազմից ժառանգություն ստացած լուրջ դժգոհությունների առկայությունը, որոնք անհրաժեշտ է անհապաղ վերացնել վստահության ամրապնդման ու միջպետական լիարժեք կապերի վերականգնման համար»,-նշել է Դարչիևը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայում անցկացված ռուս-ամերիկյան բանակցություններում ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյանը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կոուլտերը: Պատվիրակությունների կազմերում ընդգրկված են նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ: