չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին աhաբեկչական hարձակումներին. Պուտին

Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին աhաբեկչական hարձակումներին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանում լոգիստիկ և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների ակտիվացումը։ Նրա ելույթի տեքստը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը, մասնավորապես, ասել է, որ ուկրաինական հարձակումների պատճառով «չկան, չեն եղել և չեն կարող լինել կրիտիկական հետևանքներ», սակայն, անշուշտ, վնաս պատճառվում է։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ չնայած հարձակումներին՝ երկրի առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն կերպով, սակայն վնասված լոգիստիկ օբյեկտները և պահեստները հարկավոր է վերականգնել։

«Միաժամանակ լոգիստիկ և պահեստային հզորությունները, իհարկե, պահանջում են վերականգնում, այդ թվում՝ պետության մասնակցությամբ։ Այս առնչությամբ խնդրում եմ կառավարությանն ընդունել համապատասխան ծրագիր։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ վնասված օբյեկտների վերականգնումը պետք է իրականացվի որակապես նոր տեխնոլոգիական մակարդակով», - ասել է նա։

Ավելի վաղ ռուսական խոշորագույն Wildberries առցանց խանութի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ ընկերությունը ՌԴ կառավարության հետ համատեղ կմշակի փոխհատուցման մեխանիզմ այն ​​վաճառողների համար, որոնց ապրանքները ոչնչացել կամ վնասվել են Wildberries-ի պահեստների և լոգիստիկ կենտրոնների վրա Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Վերջին շաբաթներին Wildberries-ի շուրջ 20 օբյեկտ դարձել է ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների թիրախ և ստացել տարբեր աստիճանի վնասներ։

 

 

  • Կիսվել: