շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ․ ՌԴ ԱԳՆ

Որպես երկարաժամկետ լուծում ենք տեսնում ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ուշադիր հետեւում է ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակին եւ օպերատիվ կապեր է պահպանում ռազմական եւ սահմանապահ ծառայությունների գծով։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ։

"Շարունակում ենք ուշադիր հետեւել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին։ Ռուսական կողմը Բաքվին եւ Երեւանին աջակցություն է ցուցաբերում բարձր մակարդակով՝ կանոնավոր շփումների շրջանակներում լարվածության թուլացման հարցում: Պահպանվում են օպերատիվ կապերը մեր երկրների ռազմական և սահմանապահ ծառայությունների գծով", - նշել են նախարարությունում։

Ընդգծվել է՝ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման մեջ ՝ դրան հաջորդած սահմանագծմամբ․

"Ելնում ենք նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում ՝ տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը ՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետեւողական կարգավորմանը", - նշվում է մեկնաբանության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում նաեւ հաստատել են հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: