ՌԴ-ում Ալիևի և Փաշինյանի հանդիպումը նրանց որոշելիքն է. Լավրով
Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ ՌԴ նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ կամ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է կատարել իր պարտավորությունները:
՛՛Ինչպես ասում են՝ It' s up to them (որոշումը նրանցն է )՛՛,-ասել Է Լավրովը՝ պատասխանելով առաջիկա գագաթաժողովներում երկու առաջնորդների հանդիպման հավանականության մասին հարցին:
՛՛Եթե նրանցից առաջարկ ստացվի, մենք միշտ պատրաստ ենք անցկացնել այդ բանակցությունները․ որոշողն իրենք են, եթե կցանկանան հանդիպել, մենք պատրաստ ենք։ Մենք նաև պատրաստ ենք միշտ իրականացնել այն, ինչ մեր մասնակցությամբ համաձայնեցվել է 2020-ի նոյեմբերի սկզբին։ Երկու տարվա ընթացքում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են երեք անգամ։ Ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, մենք համատեղ աշխատել ենք հաղորդակցության ուղիների բացման, սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների և այլ ուղղություններով։ Մենք պատրաստ ենք ուս ուսի կանգնել և կատարել այնտեղ արձանագրված բոլոր պարտավորությունները՛՛,- ասել է Լավրովը։