ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը Կուրսկի մարզի գործողություններին
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շեշտել է Հյուսիսային Կորեայի զինվորականների ներդրումը Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերից ազատագրելու գործում։ Այսպիսով ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է գործողությանը Կորեայի ժողովրդական բանակի զինվորականների մասնակցության փաստը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը։
Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մասնավորապես, զեկուցել է. «Կորեայի ժողովրդական բանակի զինվորներն ու սպաները, ուկրաինական ներխուժումը հետ մղելու ժամանակ ռուս զինծառայողների հետ ուս ուսի մարտական առաջադրանքներ կատարելով, դրսեւորել են բարձր պրոֆեսիոնալիզմ, մարտում ցուցաբերել ամրություն, քաջություն եւ հերոսություն»:
2024թ. Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այն ենթադրում է ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:
Զեկույցի ժամանակ Վալերի Գերասիմովը տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ-ից Կուրսկի մարզի լիակատար ազատագրման մասին։ Ուկրաինական բանակից վերջին ազատագրված բնակավայրը Գորնալն էր։ Մարտերը Կուրսկի մարզում սկսվել էին 2024թ. օգոստոսի 6-ից։