Քենիայի մայրաքաղաքում առյուծը 14-ամյա աղջկա է հոշոտել
Նայրոբիի ծայրամասում առյուծը 14-ամյա աղջկա է հոշոտել, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով Քենիայի Վայրի բնության պահպանության ծառայությանը (KWS):
Բնության պահպանության գործակալության տվյալներով, գազանը բռնել է երեխային Նայրոբիի ազգային պարկի մերձակայքում գտնվող բնակելի համալիրի մոտ: Մեկ այլ դեռահաս ահազանգել է, և KWS ռեյնջերները հետքերով հասել են մինչև մոտակա Մբագաթի գետը, որտեղ հայտնաբերել են աղջկա մնացորդները:
Առյուծն այդպես էլ չի գտնվել, բայց KWS-ից հայտնել են, որ թակարդներ են տեղադրել և որոնողական խմբեր ուղարկել գազանին գտնելու համար: Գործակալությունը հավելել է, որ ձեռնարկվել են անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ հետագա հարձակումները կանխելու համար։
Նայրոբիի ազգային պարկը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում են այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են առյուծները, գոմեշները, ընձուղտները, ընձառյուծները և հեպարդները:
Տարածքը երեք կողմից պարսպապատված է, որպեսզի կենդանիները քաղաք չմտնեն, բայց բաց է հարավային կողմից, ինչը թույլ է տալիս կենդանիներին ներս ու դուրս անել:
Թեև Քենիայում առյուծները հաճախ են բախվում մարդկանց հետ, հատկապես ընտանի անասունների պատճառով, սակայն մարդիկ այնքան էլ հաճախ չեն զոհվում։