Պուտինն Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամություն է հայտնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Թրամփի բանագնաց Ուիթքոֆի հետ երեկվա զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն առանց որեւէ նախապայմանի»:
Նշվում է նաև, որ Պեսկովը հիշեցրել է, որ «Պուտինը նախկինում բազմիցս է խոսել այդ մասին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուրբաթ կայացել է ՌԴ նախագահի եւ ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնացի միջեւ տարեսկզբից ի վեր չորրորդ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ զրույցը տեւել է երեք ժամ եւ եղել է «կառուցողական եւ շատ օգտակար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ Ուիթքոֆի հանդիպումը «լավ» է անվանել։