Պուտինն ազատել է «Ռոսկոսմոսի» ղեկավարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պետական կորպորացիայի նոր ղեկավար է նշանակվել Դմիտրի Բականովը, որը նախկինում զբաղեցնում էր տրանսպորտի փոխնախարարի պաշտոնը, ինչպես նաեւ ղեկավարել է «Գոնեց» արբանյակային համակարգ» ընկերությունը 2011-2019թթ.։ Վերջինը «Ռոսկոսմոսի» կապի, հեռարձակման եւ վերահեռարձակման համակարգերի միասնական օպերատորն է։
Բորիսովը պետական տիեզերական կորպորացիայի ղեկավար է նշանակվել 2022թ. հուլիսին։ Մինչ այդ նա ավելի քան չորս տարի զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը պաշտպանական-արդյունաբերական համալիրի գծով, իսկ ավելի վաղ՝ գրեթե վեց տարի, եղել է պաշտպանության փոխնախարար։ Պետականկորպորացիայում Բորիսովը փոխարինել է Դմիտրի Ռոգոզինին, որը չորս տարի ղեկավարել է «Ռոսկոսմոսը»։ Բորիսովի հնարավոր հրաժարականի մասին խոսվում էր 2024թ. աշնանից, հայտնել են «Ведомости»-ի աղբյուրները։ Բորիսովի վերջին հանդիպումը Պուտինի հետ, որի մասին հայտնել է Կրեմլը, տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերին։ Այն նվիրված է եղել տիեզերական գործունեության ոլորտում ազգային նախագծի նախապատրաստմանը։ РБК-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի տեղեկացմամբ՝ Բորիսովի հրաժարականի որոշումը կայացվել է Մոսկվայում Ազգային տիեզերական կենտրոնի նախագծի իրականացման պարամետրերի անորոշության ֆոնին, որը կառուցվում է Խրունիչովի անվան պետականգիտաարտադրական տիեզերական կենտրոնի տարածքում։ «Շինարարության արժեքը բարձրանում է, համապատասխանաբար՝ փոխվում է տարածքների բաշխվածությունը, եւ առաջանում է ապագա գործառնական ծախսերի հարց»,- նշել է զրուցակիցը։