ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտին-Բայդեն հեռակապով երկխոսությունը միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում է

Պուտին-Բայդեն հեռակապով երկխոսությունը միջազգային հանրության ու մամուլի ուշադրության կենտրոնում է

Ռուսական և արևմտյան մամուլը ողողված է Պուտին-Բայդեն հեռակապով երկխոսության արձագանքներով, որի հիմնական թեման Ուկրաինայում իրադրությունն էր:

Վաշինգտոնը նշել է, որ Բայդենը Ռուսաստանի նախագահին հայտնել է Միացյալ Նահանգների և եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի կուտակման կապակցությամբ՝ գրում են BBC-ն, The New York Times-ը։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ ամերիկացի առաջնորդը հասկացրել է, որ ռազմական էսկալացիայի դեպքում իրենք կպատասխանեն վճռական տնտեսական և այլ պատժամիջոցներով։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին, հաստատել, որ իրավիճակի սրման դեպքում Կիևին ռազմական օգնություն կտրամադրվի, և կոչ է արել իր ռուս գործընկերոջը՝ թուլացնել լարվածությունը Ուկրաինայի շուրջ ու վերադառնալ դիվանագիտությանը։

«ԱՄՆ-ը դարձյալ չի հավատում, որ Ռուսաստանը որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա: Սպիտակ տունը դեռևս չի տեսնում ազդանշաններ, որոնք վկայում են նախագահ Պուտինի ներխուժման որոշումը»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նրա խոսքով՝ նախագահ Բայդենը բանակցությունների ժամանակ, այնուամենայնիվ, զգուշացրել է իր ռուս գործընկերոջը հարձակման հետևանքների մասին և խորհուրդ է տվել «խուսափել դրանից»։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խոստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինան չի ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է Սալիվանը:

Միաժամանակ, Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու սցենարը։ Ըստ Նուլանդի՝ Վաշինգտոնը հույս ունի, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում «Հյուսիսային հոսք 2» գազատարը կփակվի։ 

Բացի Ուկրաինայի խնդրից, գագաթնաժողովում բարձրացվել են ռազմավարական կայունության և կիբեռանվտանգության թեմաները։ Զրույցի մեկ այլ ուղղություն են եղել «տարածաշրջանային թեմաները, օրինակ Իրանը», նշել են Վաշինգտոնում։ Բայդենի հետ զրույցում Պուտինը նշել է իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք իրականացման կարևորությունը։

  • Կիսվել: