շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես կգա կոչով

PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես կգա կոչով

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը շուտով «պատմական կոչ» կանի՝ թուրքական պետության հետ տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու քաղաքական ջանքերի ֆոնին: Այս մասին խորհրդարանում կուսակցության խմբակցությունում հայտարարել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն՝ DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքիրխանը, տեղեկացնում է Bianet-ը։

«Ընդդիմությունը և հասարակությունը ցանկանում են, որ սա վերաճի խաղաղ գործընթացի։ Մենք չպետք է բաց թողնենք այս պատմական հնարավորությունը։ Թունավոր լեզուն կարող է հետ մղել այս պատմական գործընթացը։ Մենք ձգտում ենք քրդական հարցի լուծում գտնել ժողովրդավարության և օրենքի միջոցով։ Մինչ Օջալանը կոչ է անում հակամարտությունները բերել օրինական հիմքի, կառավարության լեզուն պետք է համապատասխանի դրան։ Պարոն Օջալանը պատրաստվում է առաջիկա օրերին պատմական կոչ անել քրդական խնդրի արմատական ​​և մշտական ​​լուծման համար՝ ժողովրդավարական Թուրքիայի կառուցման նպաակով։ Մենք աջակցում ենք այդ կոչին և կանգնած ենք դրա թիկունքում: Կոչ ենք անում կառավարությանը կատարել իր դերը այս պատմական կոչին համապատասխան»,- ասել է նա։

DEM-ի ներկայացուցիչը նշել է նաև, որ գնդակն այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշտում է։ «Միլիոնավոր մարդիկ հիմա սպասում են ժողովրդավարացման գալուն, մենք սպասում ենք վստահության ամրապնդման քայլերի։ Դանդաղելու փոխարեն պատմության մեջ մտեք որպես համարձակ առաջնորդ: Մենք կողմ ենք հավասար կյանքին։ Մեր ուղղությունն ու ուղենիշը խաղաղության և ժողովրդավարության ճանապարհն է։ Անկախ ամեն ինչից՝ մենք շարունակելու ենք քաջությամբ քայլել այս ճանապարհով»,- ասել է Բաքիրխանը:

 

  • Կիսվել: