Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից
Իրանը երբեք չի խուսափել և մտադիր չէ հետագայում էլ խուսափել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից՝ չնայած նրա կողմից համաձայությունների խախտմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պաշտպանելով բանակցությունների և դիվանագիտական գործընթացի ուղեգիծը։
«Մենք, պահպանելով արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել ու չենք խուսափի երկխոսությունից, թեև ԱՄՆ-ն, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ մեր երկիրը դարձրել է իր հարձակումների թիրախ», - մեջբերել է Փեզեշքիանի խոսքը նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքում ակնկալում էին, որ ստեղծված պայմաններում Թեհրանը չի կարողանա կառավարել պետությունը։
«Հակառակորդները կարծում էին, թե Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների մահից հետո երկիրը կկործանվի, սակայն մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունը միայն ամրապնդվեցին», - նշել է նախագահը։



