շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պետքարտուղարության առաջարկած կրճատումները կարող են «ավերիչ հետևանքներ» ունենալ ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության համար. ԶԼՄ-ներ

Պետքարտուղարության առաջարկած կրճատումները կարող են «ավերիչ հետևանքներ» ունենալ ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության համար. ԶԼՄ-ներ

The Washington Post-ը և The Associated Press-ը, վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, հաղորդել են, որ Սպիտակ տունը դիտարկում է պետքարտուղարության բյուջեի մեծ կրճատումների և ՆԱՏՕ-ի ու ՄԱԿ-ի համար ԱՄՆ ծախսերի վերացման հարցը: ԱՄՆ վարչակազմը քննարկում է պետքարտուղարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորումը 27 միլիարդ դոլարով կամ ներկա մակարդակից 48%-ով կրճատելու հարցը։ Ըստ The Washington Post-ի՝ առաջարկը ներառում է Միավորված ազգերի կազմակերպության, ՆԱՏՕ-ի և 20 այլ կազմակերպության համար ԱՄՆ ֆինանսավորման դադարեցումը: Հաղորդվում է, որ ֆինանսավորման կրճատումն առաջարկել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի վարչությունը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջին Շահինը հայտարարել է. «Մեր տնտեսությունը, անվտանգությունն ու բարգավաճումը կտուժեն, քանի որ հակառակորդները կլրացնեն այն դատարկությունը, որը կթողնի Թրամփի վարչակազմը: Ներդրումները դիվանագիտական ծրագրերում, որոնք նպաստում են խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև խթանում են Ամերիկայի ազգային անվտանգության շահերը, առաջնահերթություններ են, որոնք պետք է արտացոլվեն պետքարտուղարության բյուջեի հայտում»:

Դեմոկրատները ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցման և նմանատիպ կրճատումներն անվանել են «պարզապես մեկուսացնող»: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը երեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում են հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին։

ԶԼՄ-ները ներկայացնում են, որ Միացյալ Նահանգները վճարում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համար նախատեսված գումարի մոտ 27%-ը և կազմակերպության կանոնավոր բյուջեի 22%-ը։ Չինաստանը երկրորդ խոշոր ներդրողն է, և եթե ԱՄՆ-ը զրոյացնի ՄԱԿ-ի ֆինանսավորումը, ապա Չինաստանն անմիջապես կդառնա այդ կազմակերպության գլխավոր դերակատարը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունն այնտեղ, որտեղ գործում է Միավորված ազգերի կազմակերպությունը, այդ թվում՝ օգտակար հանածոների զգալի պաշարներ ունեցող վայրերում։

  • Կիսվել: