Պետք է հիշել անցյալի դառը դասերը. Բուլղարիայի փոխվարչապետը՝ Հայոց ցեղասպանության մասին
Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Համապատասխան ուղերձը հրապարակվել է փոխվարչապետի ֆեյսբուքի էջում:
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։
Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց բնակեցրած հողերից: Պետք է հիշել անցյալի դառը դասերը։
2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր ընդունեց՝ ճանաչելով կատարված հանցագործությունը։ Այսպիսով, մեր երկիրը ներառվեց այն երկրների շարքում, որոնք ճանաչեցին այն։
Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում:
Խոնարհվում ենք»,- գրել է Բուլղարիայի փոխվարչապետը: