Պետական սահմանն ավելի քան 13 հազար խախտող. Մանիլովը՝ ԱՊՀ ծրագրի արդյունքների մասին
2021-2025 թվականներին սահմանային անվտանգության ամրապնդման ԱՊՀ համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացված ութ համատեղ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է պետական սահմանի վերաբերյալ օրենսդրության ավելի քան 13 հազար խախտող։ Այս մասին Ալմաթիում ԱՊՀ արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի փոխնախագահ, համակարգող ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։
Նրա խոսքով` ծրագիրը կավարտվի 2025 թվականին, այսօրվա դրությամբ իրականացվել է նախատեսված միջոցառումների ավելի քան 90%-ը, որոնց մեծ մասը գործնական ուղղվածություն ունի:
«Գործողությունների ընթացքում ձերբակալվել է ահաբեկչական և ծայրահեղական գործունեությանն առնչություն ունեցող մոտ 230 անձ, ավելի քան 400 հետախուզվող, առգրավվել է մոտ 800 կգ թմրամիջոց», – նշել է Մանիլովը։
Նա ընդգծել է, որ ԱՊՀ յուրաքանչյուր պետության անվտանգությունը սկսվում է սահմանների պաշտպանությունից։ Սահմանապահ ծառայություններն են առաջինը բախվում սպառնալիքներին՝ ահաբեկչություն, անօրինական միգրացիա, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և կազմակերպված հանցավորություն:
Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում արտաքին սահմաններում կայունություն ապահովելու համար Հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը միջնաժամկետ հեռանկարային նոր ծրագրի նախագիծ: Փաստաթուղթը հիմնված է միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի վրա, համապատասխանում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերին և մասնակից երկրների միջազգային պարտավորություններին:
Դրա նախապատրաստման ժամանակ հաշվի են առնվել նախորդ ծրագրի արդյունքները, ինչպես նաև արտաքին սահմաններում իրավիճակի զարգացման վերլուծությունների և կանխատեսումների արդյունքները։ Նախագիծն ավելի քան 70 գործնական միջոցառում է ներառում:
Մանիլովը նշել է, որ ծրագրի իրականացումը թույլ կտա արագ համակարգել ԱՊՀ երկրների սահմանապահ կառույցների գործողությունները, զարգացնել համագործակցության իրավական և կազմակերպչական մեխանիզմները, ուժեղացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, միավորել ջանքերը սահմաններին ահաբեկչության, ծայրահեղականության և այլ իրավախախտումների դեմ պայքարում։
Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացում, սահմանային անվտանգության ոլորտում գիտական իրավասությունների ձևավորում, կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում, ինչպես նաև սահմանապահ գերատեսչությունների միջև հումանիտար կապերի ամրապնդում։
«Առաջարկված նախագիծը լիովին համապատասխանում է ներկայիս տնտեսական իրավիճակի մարտահրավերներին», – ընդգծել է Մանիլովը։
Փաստաթուղթը հաստատվել և ուղարկվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ուսումնասիրմանը։