չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պեկինը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները

Պեկինը հույս ունի, որ Հարավային Կովկասի երկրները քաղաքական երկխոսության միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրները

Չինաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում առկա խնդիրների խաղաղ լուծմանը և հույս ունի, որ տարածաշրջանի երկրներն առաջին հերթին քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով կլուծեն առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ արտահայտելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր վերաբացման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։  

«Չինական կողմը, իհարկե, պաշտպանում է այն դիրքորոշումը, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման և խաղաղ համակեցության հնարավորություն լինի», - ասաց Չեն Մինը։ 

Նա նաև հույս հայտնեց, որ Հարավային Կովկասի երկրները կկարողանան քաղաքական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ 

«Ինչպես արդեն նշեցի, Չինաստանը շատ է հետաքրքրված, որ չինական առաջատար կազմակերպություններն իրենց մասնակցությունն ունենան տարածաշրջանի տնտեսական կյանքում և բարձր տեխնոլոգիաների զարգացման ու այլ ոլորտներում։ Եվ, քանի որ մենք այդ ամենով հետաքրքրված ենք, հետևաբար, մենք նաև պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ լուծմանը», - նշեց Չեն Մինը։ 

 

  • Կիսվել: