Պայթյուն՝ Քաբուլի դպրոցի մոտ․ կան տուժած աշակերտներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի արևմտյան հատվածում՝ մասնավոր դպրոցի մոտ, պայթյուն է տեղի ունեցել։ Աֆղանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի աշակերտ կարող է տուժած լինել։
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևմտյան Դաշտ-է-Բարչի շրջանում։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է այն պահին, երբ աշակերտները դուրս էին գալիս դպրոցի շենքից։
Տեղական աղբյուրները հայտնում են աշակերտների շրջանում մի քանի տուժածների մասին։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Պայթյունի պատճառը նույնպես պարզ չէ։ Դեպքի պատասխանատվությունը որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել։
Նշենք, որ Դաշտ-է-Բարչին համարվում է շիաներ՝ հազարաների համակեցության խիտ բնակեցված շրջան։



