Պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանի և Բիշքեկի միջև իրանական նավահանգիստներում Եվրասիայի հետ համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծելու շուրջ
Sahab- Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենը և Ղրղզստանի բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը պայմանավորվել են Եվրասիայի հետ համատեղ լոգիստիկ կենտրոն ստեղծել Իրանի նավահանգիստներում, գրում է parstoday.ir-ը:
Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն՝ Ալի Աքբար Սաֆային Թեհրան ժամանած Ղրղզստանի փոխարտգործնախարարի գլխավորած տնտեսական բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. -Իրանի հյուսիսային և հարավային նավահանգիստներում Ղրղզստանի մասնավոր հատվածի ներդրումներով այս երկրի առևտրականների ու տարանցիկ ապրանքների համար կգործեն զեղչեր և կլինեն համապատասխան դյուրություններ։
Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը զարգացնելու Իրանի կառավարության ռազմավարությանը, Իրանի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ համագործակցության համաձայնագիր ունի Կասպից ծովի արևմուտքի և արևելքի երկրների հետ, և արագորեն պատրաստվում է ավարտին հասցնել իր ճանապարհային և երկաթուղային միջանցքները։
Ղրղզստանի փոխարտգործնախարար Արկինովը ևս այս հանդիպմանն ասել է.- Իրանի առևտրային նավահանգիստներով բաց ջրեր մուտք գործելը Բիշքեկի տնտեսական ռազմավարություններից մեկն է Իրանի Իսլամական Հանրապետության հետ տարանցիկ և ծովային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում։
«Ղրղզստանը պատրաստ է Իրանի համագործակցությամբ և մասնակցությամբ իրականացնել Շահիդ Ռաջայիի անվան նավահանգստում լոգիստիկ գոտու ստեղծման նախագիծը», նշել է Ղրղզստանի փոխարտգործնախարարը։