Օվերչուկը հայտարարել է ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի առաջին փորձնական գործարքի մասին
Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ձևավորելու համար անցյալ տարի մենք ավարտեցինք դրա ճարտարապետությունը կազմող հիմնական փաստաթղթերի պատրաստումը։ Դրա մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հաստատվել են էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի, շուկայի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցության, միջպետական էլեկտրացանցերի հատվածների թողունակության որոշման և բաշխման կանոնները։
Շուկայի մասնակիցների միջև փոխգործակցության գործընթացները մանրամասնող տեխնիկական և կարգավորող փաստաթղթերի պատրաստումը վերջնական փուլում է։ Ըստ էության, շուկայի գործարկման կարգավորող դաշտն արդեն պատրաստ է։ Այժմ հիմնական խնդիրն առևտրի մասնակիցների միջև գործնական փոխգործակցության բարելավումն է: Ակնկալում ենք, որ այս տարի կանցկացնենք առաջին փորձնական սակարկությունները։
Էլեկտրաէներգիայի շուկան առևտրի կազմակերպման կառուցվածքով ամենաբարդն է։ Մենք ստեղծում ենք էլեկտրաէներգիայի առևտրի յուրահատուկ մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում պայմանագրեր կնքել և հավասարակշռել էներգիայի հոսքերը միանգամից հինգ երկրների միջև։ Շուկայի ամբողջական գործարկումը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ին։
Ինչ վերաբերում է գազի շուկային, այս քննարկումը սկսվել է դեռևս 2011 թվականին, երբ շուկայական գործընթացների տեսլականն այլ էր։ Այն ժամանակ հետևեցինք Եվրամիության փորձին, թե ինչպես են նրանք զարգացնում գազի առևտրի համակարգը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար լավագույն պայմաններն այդ երկրներին գազ մատակարարելու երկարաժամկետ պայմանագրերով սահմանված պայմաններն են։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ում վաճառողների և գնորդների միջև ձևավորված հարաբերությունները հենց մեր ընդհանուր շուկան են։
Ռուսաստանից ստացվող բնական գազնառանցքային դեր է խաղում միության երկրների մեծ մասի էներգետիկ հաշվեկշռում։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի գործընկերների համար բնական գազի արժեքը զգալիորեն ցածր է, քան եվրոպական շուկայում։ Դա մեր դաշնակիցների տնտեսություններին շոշափելի մրցակցային առավելություն է տալիս: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները դա հաստատել են անցյալ տարվա դեկտեմբերին»,- նշել է նա։