Որոշ երկրներում Վրաստանի դեսպաններն անգործության են մատնվել. Կոբախիձե
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող որոշ երկրներում Վրաստանի դեսպաններն անգործության են մատնվել, քանի որ այդ երկրների հետ հարաբերություններն անհնարին են, գրում է aliq.ge-ն:
Անթալիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Կոբախիձեն ասել է` երբ «մեր շուրջը տարբեր պատերազմներ են ընթանում, դիվանագիտությունը շատ թուլանում է»։
«Մենք ստիպված էինք շատ ինտենսիվ քաղաքական պայքար մղել Վրաստանի ազգային շահերը պաշտպանելու և Վրաստանում խաղաղություն ապահովելու համար: Դա միայն քաղաքական պայքար էր՝ առանց դիվանագիտության ուժի: Մենք դեռ բախվում ենք այս մարտահրավերներին», — ասել է Կոբախիձեն։
Նա վստահ է, որ «երբ խաղաղությունը վերականգնվի», «դիվանագիտությունը կգերազանցի մյուս գործոններին»։ «Կոնկրետ երկրներում Վրաստանի դեսպանները մնացել են առանց աշխատանքի, քանի որ այս փուլում հնարավոր չէ այդ երկրների հետ շփվել, նրանք հաճախ դժգոհում են դրանից, բայց մենք միշտ ասում ենք, որ պետք է սպասել խաղաղ ժամանակաշրջանի… Մենք համբերատար սպասում ենք, որ խաղաղությունը գա, և դիվանագիտությունը ավելի կուժեղանա»,- ասել է Կոբախիձեն։
Անթալիայի դիվանագիտական ֆորումում նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։
«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խաղաղ պատկերացում ունենք, մեր տարածքի մոտավորապես 20%-ը օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, և նույնիսկ այս պայմաններում մենք շատ խաղաղ և պրագմատիկ դիրքորոշում ունենք, — նշել է «Վրացական երազանք»-ի վարչապետը։
Կոբախիձեն Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցներից է։ Ապրիլի 11-13-ը անցկացվող ֆորումի հիմնական թեման է` «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում»։