Netflix-ից 105 մլն դոլար են պահանջում՝ Նիկոլաս Քեյջի ֆիլմը կորցնելու համար
«Fortitude» ռազմական թրիլերի հեղինակները 105 մլն դոլարի հայց են ներկայացրել Netflix-ի դեմ՝ Լոս Անջելեսի գրասենյակից ֆիլմի թվային պատճենով կոշտ սկավառակի գողությունից հետո։ The Guardian-ի փոխանցմամբ՝ կորել է մի քանի կրիչ, որոնցից մեկում եղել է 45 մլն դոլար արժողությամբ կինոնկարի պատճենը. ֆիլմում նկարահանվել են Նիկոլաս Քեյջը, Մեթյու Գուդը, Մայքլ Շինը և Բեն Քինգսլին։
Ռեժիսոր Սայմոն Ուեսթի ֆիլմը հունիսին փոխանցվել էր Netflix-ին՝ ներքին դիտման համար, ընդ որում՝ արտադրողները պահանջել էին դիտելուց հետո ջնջել ֆայլերը։ Ընկերությունում հայտարարել են, որ պատասխանատվություն չեն կրում նյութի կորստի համար, քանի որ այն փոխանցվել է անվտանգության ոլորտային ստանդարտների խախտմամբ։
Ըստ հայցի՝ Netflix-ը հրաժարվել է համագործակցել Լոս Անջելեսի ոստիկանության հետ։ Հայցվորները պնդում են, որ ընկերության անփութությունը վտանգի տակ է դրել ավելի քան 45 մլն դոլարի ներդրումը, ֆիլմի հետագա վաճառքը, միջազգային ցուցադրությունների ռազմավարությունը և մրցանակաբաշխությունների արշավը։



