երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Նեթանյահուն հույս ունի Թրամփի միջնորդությամբ խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից

Նեթանյահուն հույս ունի Թրամփի միջնորդությամբ խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում քննարկել է Թուրքիայի հետ հակամարտությունը կանխելու միջոցները՝ Դոնալդ Թրամփին անվանելով իդեալական միջնորդ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք չենք ցանկանում, որ Սիրիան օգտագործվի ինչ-որ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից որպես Իսրայելի վրա հարձակվելու հենակետ», - ասել է Նեթանյահուն։

Նա հավելել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, և որ իրենք Թրամփի հետ քննարկել են, թե Իսրայելն ինչպես կարող է խուսափել Թուրքիայի հետ հակամարտությունից։ 

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Դոնալդ Թրամփի լավ հարաբերություններին՝ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ նախագահը կարող է իդեալական միջնորդ լինել Անկարայի և Թել Ավիվի միջև հակամարտության սրումից խուսափելու համար։

Թրամփն իր հերթին նշել է, որ Նեթանյահուին հորդորել է «լինել ողջամիտ» Թուրքիայի հետ ունեցած ցանկացած վեճի առնչությամբ, և շեշտել է Էրդողանի հետ իր լավ հարաբերությունները։

«Ցանկացած խնդիր, որ դուք ունեք Թուրքիայի հետ, ես կարծում եմ, որ կարող եմ լուծել: Նկատի ունեմ, քանի դեռ դուք ողջամիտ եք, դուք պետք է ողջամիտ լինեք: Մենք պետք է ողջամիտ լինենք», - Օվալաձև աշխատասենյակում Նեթանյահուին ասել է Թրամփը:

«Բիբի, եթե դուք Թուրքիայի հետ խնդիր ունեք, ես իսկապես կարծում եմ, որ կկարողանաք լուծել դա: Գիտեք, ես շատ լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի և նրանց առաջնորդի հետ, և կարծում եմ, որ մենք կկարողանանք լուծել դա: Ուստի հուսով եմ, որ դա խնդիր չի լինի: Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի», - ավելացրել է նա՝ Նեթանյահուին դիմելով մականունով:

Թրամփը նշել է, որ «հիանալի հարաբերություններ ունի» Էրդողանի հետ` ավելացնելով, որ «նա կոշտ և շատ խելացի է և արել է մի բան, որը ոչ ոք չի կարողացել անել»՝ նկատի ունենալով իր նախկին մեկնաբանությունները, ըստ որոնց, իր կարծիքով, Թուրքիան էր կազմակերպել  2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումը։ 

Թուրքիան խստորեն քննադատել է Իսրայելին 2023 թվականից ի վեր Գազայում ռազմական գործողությունների համար, դրանք անվանել է պաղեստինցիների դեմ ցեղասպանություն, դիմել Համաշխարհային դատարան Իսրայելի դեմ գործին միանալու համար և դադարեցրել երկրի հետ ողջ առևտուրը:

 

  • Կիսվել: