ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին ընդառաջ Բայդենը հյուրընկալել է Ստոլտենբերգին

ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին ընդառաջ Բայդենը հյուրընկալել է Ստոլտենբերգին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ Վաշինգտոնում մյուս ամիս նախատեսված ալյանսի տարեկան գագաթնաժողովին ընդառաջ: Սպիտակ տանը երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինային տևական աջակցությամբ ապահովելու հարցերը։
ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակի առթիվ նախատեսված ալյանսի գագաթնաժողովին ընդառաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Վաշինգտոն՝ քննարկելու հուլիսյան հանդիպման օրակարգը, ուր առանցքային է Ուկրաինային տևական աջակցություն ցուցաբերելը:
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել դաշինքի դերը և ասել, որ «ռեկորդային թվով» անդամներ հավատարիմ են ՆԱՏՕ-ում իրենց պարտավորություններին՝ պաշտպանության ուղղությամբ ծախսելով իրենց տարեկան ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:

«ՆԱՏՕ-ն հիմնադրվել է 75 տարի առաջ, և անցյալից դասեր ենք քաղել, թե ինչպես միասին զսպել ագրեսիան: Եվ մենք՝ ձեր ղեկավարությամբ, ՆԱՏՕ-ն դարձրել ենք ավելի մեծ, ավելի ուժեղ և ավելի միասնական, քան երբևէ այն եղել է»,- ասել է Բայդենը:

Վաշինգտոնյան այցից առաջ Ստոլտենբերգը հայտատարել էր, թե ՆԱՏՕ-ի անդամ-երկրները աննախադեպ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ կոչ անելով ալյանսի անդամ-պետություններին Կիևին տարեկան հատկացնել առնվազն 45 միլիարդ դոլար:

«ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովում ակնկալում եմ [անդամ-երկրների] ղեկավարների համաձայնությունը, որ ՆԱՏՕ-ն ղեկավարի Ուկրաինային անվտանգության գծով ցուցաբերվող աջակցության և ուսուցման համակարգումը: Առաջարկում եմ երկարաժամկետ ֆինանսավորման համակարգ՝ ամեն տարի թարմ ֆինանսավորմամբ: Որքան ավելի վստահելի լինի մեր երկարաժամկետ աջակցությունը, այնքան ավելի արագ Մոսկվան կհասկանա, որ չի կարող հետաձգել պատերազմի ավարտը: Դա կարող է պարադոքս թվալ, բայց խաղաղության ճանապարհը Ուկրաինայի համար զինվելն է»,- ասել է Ստոլտենբերգը:

Դիտորդների ներկայացմամբ, վաշինգտոնյան քննարկումները կարող են լրջորեն ազդել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի ձևավորման վրա։

  • Կիսվել: