ՆԱՏՕ-ի 22 երկիր կարողացել է պաշտպանության ծախսերը 2024 թ. հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին
2024 թվականին ՆԱՏՕ-ի 32 երկրից 22-ը պաշտպանության վրա ծախսել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) առնվազն 2 տոկոսը։ Այդ մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում հրապարակված պաշտպանական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցում։ 2023 թվականին այդպիսի երկրները 11-ն էին։
Նոր զեկույցի համաձայն՝ Գերմանիան անցյալ տարի պաշտպանության համար ծախսել է իր ՀՆԱ-ի 2,1 տոկոսը, ինչը 0,44 տոկոսային կետով ավելի է 2023 թվականից։ 2024 թվականին նման ծախսերն ամենաբարձրն են եղել Լեհաստանում (4,07%), Էստոնիայում (3,41%) և Լատվիայում (3,39%): Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների և Կանադայի պաշտպանական ծախսերն անցյալ տարի աճել են ավելի քան 19 տոկոսով, ասվում է զեկույցում։ ԱՄՆ պաշտպանական ծախսերը 2024 թվականին կազմել են ՀՆԱ-ի 3,39%-ը։
Բելգիան, Կանադան, Խորվաթիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան, Պորտուգալիան, Սլովենիան և Իսպանիան չեն կարողացել հասնել 2 տոկոսի նպատակին։ Ապրիլի 22-ին Իսպանիան հայտարարել է իր մտադրության մասին՝ 2025 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի։ Պորտուգալիան, Բելգիան և Լյուքսեմբուրգը նույնպես պարտավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել այս նպատակին հասնելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ Իսլանդիան չունի սեփական զինված ուժեր և, հետևաբար, պաշտպանական բյուջե չունի, հաղորդում է AFP-ն։
Հունիսի վերջին Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գործընկերներից պահանջել է, որ իրենց պաշտպանական բյուջեները հասցնեն մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսին։ Շատ պետություններ, այդ թվում՝ Գերմանիան, այդ նպատակը համարել են անհասանելի։