Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման համար ԵՄ-ն պետք է ներգրավվի բանակցություններում. Ռուբիո
ԵՄ երկրները պետք է ներգրավվեն Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին, որպեսզի եվրոպական պատժամիջոցների չեղարկումը դառնա հաշտության ամփոփիչ համաձայնագրի մաս: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ ամփոփելով Ֆրանսիայի և Բրիտանիայի իշխանությունների հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը…. Եվրամիության սահմանած պատժամիջոցներն են։ Մենք չենք կարող դրանք չեղարկել, - ասել է Ռուբիոն: - Ուստի նրանք (Եվրամիության երկրները) պետք է ներգրավվեն (բանակցություններին), եթե դա (պատժամիջոցների վերացումը) երբևէ դառնա համաձայնագրի մաս»:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական բիզնեսն արդեն սովորել է աշխատել պատժամիջոցների պայմաններում և կարողացել է գործարկել համագործակցության այլընտրանքային մեխանիզմներ այն արտասահմանցի գործընկերների հետ, որոնք ցանկանում են աշխատել Ռուսաստանի հետ։