Մոսկվան նույնպես ազդարարել է ռուս-ամերիկյան բանակցությունների նոր փուլի մասին
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կա սկզբունքային պայմանավորվածություն համապատասխան համապարփակ խորհրդակցություններ անցկացնելու մասին՝ առկա այսպես կոչված գրգռիչների ամբողջ բլոկի համակարգված եւ մանրամասն մշակման համար։ Պետք է տեղեկատվություն ստանալ, թե այս մակարդակում ով է հանդես գալու որպես մեր զրուցակից ամերիկյան կողմում։ Ամերիկացիներին հաստատվել է մեր պատրաստակամությունը՝ հնարավորինս արագ սկսել այս աշխատանքը։ Նաեւ ըմբռնում կա, որ տեղակալների մակարդակով փուլին կնախորդի խորհրդատվական շփումը համապատասխան գերատեսչությունների տնօրենների հետ։ Իսկ նրանց հանդիպումը կարող է կայանալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա երրորդ երկրում, այժմ համաձայնեցվում է կոնկրետ տեղը։
«Մենք Էր Ռիադում փոխանցեցինք այս հարցերի հանդեպ մեր մոտեցման բաղադրիչները (որոնք գրգռիչ են համարվում հարաբերություններում- խմբ.): Ամերիկացիներն այժմ դիտարկում են դրանք։ Մենք լրացուցիչ կհստակեցնենք՝ ներառյալ, անհրաժեշտության դեպքում, նրանց գրավոր տրամադրելով մեր առաջարկների առանձին պարամետրերը՝ մշակումը դյուրինացնելու համար»,- պարզաբանել է Ռյաբկովը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ նոր բանակցությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կսկսվեն երեքշաբթի Սաուդյան Արաբիայում։