Մոսկվան հարձակումներ չի պլանավորում Բալթյան երկրների վրա. Կրեմլի խոսնակը հերքում է Լիտվայի պնդումները
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լիտվական հետախուզության պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների ենթակառուցվածքների վրա, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։
Ըստ Պեսկովի՝ այդ հայտարարությունները «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին են:
Մեկնաբանելով լիտվական հետախուզության պնդումները՝ Պեսկովը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, նշել է. «Սա հենց նման «սարսափ պատմությունների» նոր չափաբաժին է, որը նախատեսված է ուղեղի լվացումը շարունակելու, բնակչությանը հետագա ռազմականացմանը նախապատրաստելու համար: Դրան հասնելու համար նրանք պետք է թշնամու կերպար ստեղծեն որևէ այլ կողմում, այս դեպքում՝ մեր կողմում, և դրա քողի տակ, ինչպես ասում են, շարունակեն ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքներն իր բոլոր ձևերով տեղակայել Բալթյան երկրներում»:
Նշենք, որ ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել էր, որ երկիրը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Բալթյան տարածաշրջանում ենթակառուցվածքների վրա։ Նա նշել էր, որ հետախուզությանը հայտնի է նախապատրաստության փաստի և նախատեսված թիրախի մասին, սակայն հնարավոր հարձակումների կոնկրետ վայրը և ժամանակը հայտնի չեն։
Նաուսեդան նաև հայտարարել էր, որ որպես նախազգուշական միջոց՝ Լիտվան ուժեղացնում է էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների պաշտպանությունը։



