Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին
Լատվիան և Մերձբալթյան մյուս երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի դեմ հարվածների համար՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հենվում է հաստատված տվյալների վրա։
«Մենք ունենք հաստատված տվյալներ այն մասին, որ Լատվիան և Բալթյան մյուս հանրապետությունները արդեն տրամադրել են իրենց օդային տարածքները Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համար, որոնք հարձակվել են մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»,- ասել է դիվանագետը:
Ամիսներ առաջ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտգործնախարարները հայտարարել էին, որ երբեք թույլ չեն տվել Ուկրաինային օգտագործել իրենց երկինքը Ռուսաստանի տարածքում թիրախներին ԱԹՍ-ներով հարվածելու համար:
Մայիսին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են օգտագործել Մերձբալթյան երկրները ԱԹՍ-ների միջոցով հարձակումների համար: Այդ երկրները տեղեկությունը չեն հաստատել։



