Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց անկախ Պաղեստին պետության ստեղծման. Էրդողան
Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց անկախ Պաղեստին պետության ստեղծման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է TRT Haber-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն իսրայելա-պաղեստինյան հարցի լուծմամբ՝ երկու պետության համակեցության սկզբունքի հիման վրա։ Դա կախված է ազատ, ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծումից՝ 1967 թվականի սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»:
Թուրքիայի նախագահը նաև կոչ է արել միջազգային հանրության բոլոր անդամներին, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, պատասխանատվություն ստանձնել՝ «դադարեցնելու արյունահեղությունը և աջակցելու պաղեստինցի ժողովրդին»:
Նա նաև ընդգծել է, որ «Իսրայելը վերածվում է խնդրահարույց երկրի, որն ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, հատկապես՝ Լիբանանի ու Սիրիայի վրա իր հարձակումներով»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 9-ին հայտարարել էր, որ այս ամառ իր երկիրը կարող է ճանաչել Պաղեստինի Պետությունը։