ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Եմենի տարածքին հասցված ԱՄՆ-ի օդային հարվածներով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լրջորեն անհանգստացած է ապրիլի 17-ին և 18-ին Եմենի Ռաս Իսա նավահանգստի և նրա շրջակայքի վրա ԱՄՆ օդային հարվածների կապակցությամբ, որոնք, ըստ տեղեկությունների, բազմաթիվ քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ մարդասիրական օգնության հինգ աշխատակցի, ասվում է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել՝ մոտակա բժշկական հաստատություններին աջակցելու համար: Նա նաև անհանգստացած է նավահանգստի ենթակառուցվածքին հասցված զգալի վնասի և Կարմիր ծով նավթի հնարավոր արտահոսքի մասին հաղորդումներով: Գլխավոր քարտուղարը նաև խորապես մտահոգված է Իսրայելում և Կարմիր ծովում հութիների կողմից շարունակվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներով և կոչ է անում հութիներին անհապաղ դադարեցնել նման հարձակումները»:
ՄԱԿ-ի խոսնակի վկայությամբ, կազմակերպության ղեկավարը նաև ընդգծում է, որ ԱԽ 2768 (2025) բանաձևը, որը վերաբերում է առևտրային նավերի վրա հութիների հարձակումներին, պետք է ամբողջությամբ կատարվի։
«Գլխավոր քարտուղարը հիշեցնում է, որ միջազգային իրավունքը, ներառյալ կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքը, պետք է միշտ հարգվի, և նա բոլորին կոչ է անում հարգել և պաշտպանել քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես մտահոգված է տարածաշրջանում հետագա լարվածության վտանգով և շարունակում է բոլորին առավելագույն զսպվածության կոչ անել։
Գլխավոր քարտուղարը նաև կրկնում է իր կոչը՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ՄԱԿ-ի և այլ անձնակազմերին, որոնք կամայականորեն կալանավորվել են հութիների կողմից», - ասվում է ՄԱԿ-ի խոսնակի հայտարարության մեջ: