Մադուրոն Վենեսուելայի տնտեսությունում արտակարգ դրություն է մտցրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պատճառով Վենեսուելայի նախագահը հրամանագիր է ստորագրել տնտեսական արտակարգ դրության մասին: Նիկոլաս Մադուրոն լիազորել է իշխանություններին շտապ և արտակարգ միջոցներ ձեռնարկել երկրի արտադրական հատվածները ԱՄՆ մաքսային քաղաքականության հետ կապված գլոբալ սպառնալիքից պաշտպանելու համար: Ռեժիմը կգործի հրամանագրի հրապարակման օրվանից 60
օր, բայց կարող է երկարաձգվել:
Հրամանագրում ասվում է, որ աշխարհը բախվում է «աննախադեպ տնտեսական և առևտրային պատերազմի, որն առաջացել է Միացյալ Նահանգների կառավարության մաքսային քաղաքականության պատճառով»: Նշվում է, որ արտակարգ միջոցառումներն անհրաժեշտ են «բազմակողմ ագրեսիային հակազդելու» և «ազգի տնտեսական հավասարակշռությունը պահպանելու համար»։
Հրամանագրի համաձայն՝ կառավարությունը կկասեցնի ֆինանսական ոլորտում սահմանադրական երաշխիքները և ժամանակավորապես կվերացնի հարկերը՝ արտադրողներին աջակցելու, հարկերից խուսափելու դեմ պայքարելու, ներդրումները խթանելու, բնակչության կարիքների համար ուղղակիորեն ապրանքներ գնելու համար:
Թրամփը մարտի վերջին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ապրիլի 2-ից 25 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում Վենեսուելայից նավթ ու գազ գնող երկրների նկատմամբ: ԱՄՆ ղեկավարը Կարակասին մեղադրել է Վաշինգտոնի նկատմամբ «թշնամական» վերաբերմունքի, ինչպես նաև հանցագործներին «նպատակաուղղված» ԱՄՆ ուղարկելու համար: