Լիտվան մտադիր է ականապատել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանները՝ պայմանավորված «ռազմական սպառնալիքի զգալի աճով»
Լիտվան ծրագրում է Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին մի քանի մակարդակի ամրացումներ տեղադրել՝ ներառյալ հակահետևակային և հակատանկային ականներ։ Այս մասին հայտնել են Լիտվայի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Նշվում է, որ ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բրեյդան հայտարարել էր, որ Լեհաստանը նաև հակահետևակային ականներ կտեղադրի սահմանին «Արևելյան վահան» ամրացման նախագծի շրջանակում: Նա նաև նշել էր, որ Լեհաստանը ներկայում չունի հակահետևակային ականներ, փոխարենն ունի «դրանք արտադրելու ունակություն», և որ երկիրը կարող է խոսել «մի քանի հարյուր հազար, միլիոն ականների մասին»։
Մարտի 18-ին Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը հայտարարեցին հակահետևակային ականներն արգելող՝ Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մտադրության մասին։
Չորս երկրների պաշտպանության նախարարներն իրենց որոշումը հիմնավորել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ռազմական սպառնալիքի զգալի աճով։