կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լիբանանին իսրայելական հարվածի զոհերի թվում է նաև Նաբաթիեի քաղաքապետը

Լիբանանին իսրայելական հարվածի զոհերի թվում է նաև Նաբաթիեի քաղաքապետը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները լայնածավալ հարված են հասցրել Լիբանանի հարավի Նաբաթիե քաղաքին՝ հրթիռներով խոցելով քաղաքի կենտրոնը և ծայրամասի մի քանի բնակելի շենքեր։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանային Ռուսական մշակույթի տան տնօրեն Ասադ Դիյան։

«Զոհվել են քաղաքապետ Ահմեդ Քեյլը և վեց աշխատակիցներ, որոնք գտնվում էին քաղաքապետարանի շենքում, որտեղ  մարդասիրական օգնություն է հանգանակվում», - նշել է զրուցակիցը: 

Բացի այդ, ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիս-արևելյան շրջաններին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը ճշտվում է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տասնյակ հրթիռային հարվածներ են հասցվել Բաալբեկի և Հերմելի արվարձաններին, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի թիկունքային ռազմակայանները և բնակվում շարժման կողմնակիցները։ 

Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են լեռնային շրջանների սահմանային անցակետերի և ճանապարհների վրա, որպեսզի թույլ չտան այնտեղ գտնվող շիա կազմավորումներին Սիրիայից ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք տեղափոխել Լիբանան։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին փրկարարները Բաալբեկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ռիյաք քաղաքում տան փլատակներից դուրս են բերել 5 մարդու դի, այդ թվում՝ երեք երեխայի, ևս 16-ը վիրավորվել են։

Իսրայելը նաև հարված է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։

 

  • Կիսվել: