Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին․ Իսրայելի վարչապետ
Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը հարված է Իրանին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հավելել է, որ իսրայելական զորքերը անվտանգության նկատառումներով դեռ դուրս չեն բերվի Հարավային Լիբանանից՝ ի հեճուկս Թեհրանի պահանջներին։
Ըստ Նեթանյահուի, սակայն, երկարատև բանակցությունները վերջապես պտուղներ են տվել. «Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնում է Հարավային Լիբանանի անվտանգության գոտում։ Դա մեծ ձեռքբերում է, և մենք կպահպանենք այն այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ վտանգ կա Իսրայել Պետության համար: Սա նաև լուրջ հարված է Իրանին։ Ըստ էության, Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները նրանց ասում են՝ «սա ձեր գործը չէ»։ Մենք մշտապես պահպանում ենք սկզբնական անվտանգության գոտին Հարավային Լիբանանում՝ հակատանկային հրթիռների հասանելիության սահմաններից դուրս։ Բացի այդ, մենք, իհարկե, թույլ ենք տալիս լիբանանյան բանակին սկսել նախապատրաստվել տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Մենք Հարավային Լիբանանում ստեղծում ենք երկու պիլոտային գոտի, երկուսն էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակի հանձնարարականով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպաններ Եհիել Լեյտերի և Նադա Համմադե-Մուավվադի հետ միասին հունիսի 26-ին հայտարարել են շրջանակային համաձայնագրի մասին, որին կողմերը հանգել են բանակցությունների հինգ փուլից հետո։ Նրանք նշել են, որ այս փաստաթուղթը ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն՝ Իսրայելի և իրանամետ շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջև հակամարտությունից հետո։



