հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Լեհաստանն անվտանգության նկատառումներով եռամսյա սահմանափակումներ է մտցնում արևելյան սահմանի մոտ իրականացվող թռիչքների համար

Լեհաստանն անվտանգության նկատառումներով եռամսյա սահմանափակումներ է մտցնում արևելյան սահմանի մոտ իրականացվող թռիչքների համար

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է երկրի արևելյան հատվածում թռիչքների նոր սահմանափակում մտցնելու մասին՝ պայմանավորված պետության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները:

Նշվում է, որ EP R134 սահմանափակման գոտին գործելու է 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ շուրջօրյա ռեժիմով։ Այն տարածվում է գետնի մակերևույթից մինչև FL95 էշելոնը (մոտ 3 կմ բարձրություն)։ Սահմանափակումը չի ազդի մեծ բարձրությունների վրա թռիչքներ իրականացնող ուղևորատար ինքնաթիռների վրա։

Նոր գոտին կփոխարինի գործող EP R131 սահմանափակմանը։ Գիշերային ժամերին EP R134-ում օդանավերի շարժն ամբողջությամբ կարգելվի․ բացառություն կկազմեն ռազմական ինքնաթիռները, ինչպես նաև Դեպուլտիչե-Կրուլևսկե օդանավակայանի և Օդային գործողությունների կենտրոնի (Օդային բաղադրիչի հրամանատարության) միջև համաձայնեցված թռիչքներն ու վայրէջքները։

Ցերեկային ժամերին թռիչքները նույնպես կարգելվեն՝ բացառությամբ, մասնավորապես, ռազմական օդանավերի, թռիչքի հաստատված պլան ունեցող և անհրաժեշտ կապի ու ռադիոլոկացիոն նույնականացմանմիջոցներով հագեցած մարդատար ինքնաթիռների, ինչպես նաև հատուկ նշանակության օդանավերի՝ որոնողափրկարարական, բժշկական և այլ արտակարգ գործողությունների համար։

Առանձին թռիչքներ կարող են թույլատրվել Օդային գործողությունների կենտրոնի հետ համաձայնեցնելուց հետո։ Սա վերաբերում է պետական ավիացիային, սանիտարական ավիացիային, մարդկանց ու կենդանիների փրկության, արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ու վերահսկման գործողություններին։

Հաղորդվում է նաև, որ սահմանափակումները մտցվել են Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հարցումով։

  • Կիսվել: