Կիեւի դատարանը Վիկտոր Յանուկովիչին դատապարտել է 15 տարվա ազատազրկման Ռուսաստան փախչելու գործով
Կիեւի Պոդոլսկի շրջանային դատարանը Վիկտոր Յանուկովիչին 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի նախկին նախագահի եւ նրա մերձավորների՝ 2014թ. փետրվարին Ռուսաստան փախչելու գործով։
Դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի պետական սահմանով անձանց ապօրինի տեղափոխումը կազմակերպելու եւ դասալքության դրդելու մեջ (Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մաս, 27-րդ հոդվածի 4-րդ մաս, 408-րդ հոդվածի 2-րդ մաս), հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
Գործը, որը քննվել է Պոդոլսկի շրջանային դատարանի կողմից, կապված է 2014թ. փետրվարի 23-ին Ուկրաինայի նախկին նախագահի Ռուսաստան փախուստի հետ։ Յանուկովիչն ու Կոբզարը մեղադրվում են օդային ճանապարհով ուկրաինական սահմանն ապօրինի հատելու եւ Ուկրաինայի նախկին նախագահի մերձավոր շրջապատից առնվազն 20 հոգու ապօրինի տեղափոխում կազմակերպելու մեջ՝ նրանց այդ կերպ ստիպելով դիմել դասալքության։
Յանուկովիչի համար, որն արդեն ավելի քան 11 տարի թաքնվում է Ռուսաստանի տարածքում, սա քրեական գործով երկրորդ դատավճիռն է, որը հեռակա տրվել է ուկրաինական դատարանի կողմից։ 2019թ. հունվարին Յանուկովիչին դատապարտել են 13 տարվա ազատազրկման պետական դավաճանության եւ ագրեսիվ պատերազմին աջակցելու համար (Ուկրաինայի ՔՕ հոդված 111, 1-ին մաս, հոդված 27, 5-րդ մաս, 437 հոդված 2-րդ մաս)։