Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում են Ռուսաստանի ազդեցությունից. Ֆինլանդիայի նախագահ
Ռուսաստանի ազդեցության գոտին էականորեն փոքրացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով։ Այս մասին Դավոսում տեղի ունեցած քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանը չի հասել ռազմավարական հաղթանակների՝ չնայած մեծ մարդկային և տնտեսական կորուստներին։
«Ինչի՞ է հասել Ռուսաստանը վերջին չորս տարիների ռազմական գործողությունների արդյունքում։ Գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, և այդ ընթացքում կրել է մոտ մեկ միլիոն մարդկային կորուստ»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։
Ստուբի խոսքով՝ պատերազմը հանգեցրել է նաև Ռուսաստանի ազդեցության կրճատմանը միջազգային մակարդակում։
«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում Ռուսաստանի ազդեցությունից»,- ասել է նա։
Ֆինլանդիայի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։
«Եթե հաշվի առնենք տարվա առաջին երկու շաբաթների գնաճի տեմպերը, ապա հնարավոր է ունենալ շուրջ 30 տոկոս գնաճ, 16 տոկոս տոկոսադրույքներ, զրոյական տնտեսական աճ, ֆինանսական ռեզերվների պակաս և պատերազմի ավարտից հետո զինվորներին վճարելու անկարողություն»,-ասել է նա:


