ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

Կայա Կալասն ու Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում կայունություն ապահովելու հետ կապված հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը Կալասը նշել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա զարգացմամբ։ Կարևորելով ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում շատ հաջող և արդյունավետ համագործակցությունը՝ Կալասը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Անդրադառնալով տրանսպորտային կապերի թեմային՝ նա ընդգծել է այս համատեքստում Ադրբեջանի դերի կարևորությունը, որը կարևոր տարածաշրջանային պետություն է և գտնվում է կարևոր աշխարհաքաղաքական տարածքում։

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է և անդրադարձել է Հարավային գազային միջանցքի նշանակալի դերին, որը գործում է արդեն 4 տարի։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական 10 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ 8 երկրի։ 

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գազի ոլորտի հետ մեկտեղ Ադրբեջանի և Եվրամիության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ կան։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև հարավկովկասյան տարածաշրջանում  կայունության ապահովման հարցերի շուրջ։

Իլհամ Ալիևը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: