Իսրայելը չի բացառում, որ կարող է առաջիկա ամիսներին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին
Իսրայելը չի բացառում, որ կարող է առաջիկա ամիսներին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որ Վաշինգտոնը դեռևս պատրաստ չէ աջակցել նման գործողության։ Այս մասին հայտնել են Reuters-ի՝ խնդրին մոտ կանգնած աղբյուրները։
Նշվում է, որ Իսրայելի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։ Վարչապետ Նեթանյահուն, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի նրա միջուկային ծրագրի ամբողջական լուծարմանը։
Հավելենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Թեհրանի քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը: