Իսրայելում զանգվածային ցույցեր են վարչապետ Նեթանյահուի կառավարության դեմ
Հազարավոր իսրայելցիներ երկուշաբթի Երուսաղեմում զանգվածային հանրահավաք էին կազմակերպել՝ ի նշան բողոքի, թե վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն ինչպես է վարում ռազմական գործողությունները Գազայում։
Ցույցը մեկնարկել էր երկրի խորհրդարանի՝ Կնեսետի շենքի առջև, որից հետո բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Նեթանյահուի նստավայր: Ցուցարարները կառավարությունից պահանջում էին բանակցություններ սկսել «Համասի» հետ՝ վերադարձնելու պաղեստինցիների ձեռքին գտնվող պատանդներին, ինչպես նաև անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Reuters-ը հաղորդում է, թե ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է հետ մղել նրանց՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։
Իսրայելում բողոքի ակցիաները բռնկվեցին ժամեր անց, երբ Բենիամին Նեթանյահուն հունիսի 17-ին ցրեց, այսպես կոչված, պատերազմական կառավարությունը, որը ձևավորվել էր անցած տարվա հոկտեմբերի 11-ին՝ հրեական պետության դեմ «Համասի» զինյալների արյունալի գրոհից օրեր անց։ Երբ նախկին բարձրաստիճան գեներալներ, ներկայում ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բենի Գանցը և Գադի Էյզենկոտը օրեր առաջ՝ հունիսի 13-ին, լքեցին պատերազմական կառավարությունը՝ Գազայում ընթացող ռազմական գործողությունների հարցում Իսրայելի վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այնտեղ մնացել էին վարչապետ Նեթանյահուն, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ու ևս երկու հոգի։