Իսրայելի փաստարկները չեն արդարացնում վերջինիս խախտումները. Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ
Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել «իսրայելական էսկալացիան» Սիրիայում։ Այս մասին նա հայտարարել է Սիրիա հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ալ-Շարաան, մասնավորապես, ասել է. «Իսրայելի փաստարկները թույլ են դարձել և չեն արդարացնում վերջինիս խախտումները»:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը «խախտել է Սիրիայի հետ սահմանազատման գիծը» Գոլանի բարձունքներում։
Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը կոչ է արել «միջազգային հանրությանը միջամտել և պատասխանատվություն ստանձնել այս սրման համար»: Նա ընդգծել է «տարածաշրջանում իրավիճակի վերահսկման և Սիրիայի ինքնիշխանության հարգման կարևորությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 8-ին իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը՝ առանց դիմադրության հանդիպելու։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժի բաժանման համաձայնագիրը անվավեր է դարձել, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են տարածքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարձակումները Սիրիայում ռազմական օբյեկտների վրա։