չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Իսպանիան սկսել է ստուգել Սեուտայում ներգաղթյալների նկատմամբ զինծառայողների իրականացրած հնարավոր բռնության մասին հաղորդումները

Իսպանիան սկսել է ստուգել Սեուտայում ներգաղթյալների նկատմամբ զինծառայողների իրականացրած հնարավոր բռնության մասին հաղորդումները

Իսպանիան սկսել է ստուգել Սեուտայում ներգաղթյալների նկատմամբ զինծառայողների իրականացրած հնարավոր բռնության մասին հաղորդումները՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հետաքննությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ Իսպանիայի Պաշտպանության նախարարությունը կազմակերպության զեկույցը փոխանցել է դատախազություն և Սեուտայի հերթապահ դատարան՝ հանձնարարելով պարզել զինծառայողների հնարավոր անհատական պատասխանատվությունը։

Իր հերթին Amnesty International-ը հայտարարել է, որ փաստագրել է ներգաղթյալների ծեծի, նվաստացման, հարկադիր արտաքսման և ռասայական խտրականության դեպքեր Սեուտայում՝ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող իսպանական անկլավում։

Կազմակերպությունը հարցազրույց է անցկացրել ավելի քան 65 մարդու հետ և հավաքել 22 վկայություն, որոնցում ներգաղթյալները զինծառայողներին մեղադրում են ծեծի, սպառնալիքների և նվաստացումների, ինչպես նաև փողի գողության ու բջջային հեռախոսների առգրավման կամ ոչնչացման մեջ։

Ըստ վկաների՝ զինծառայողները մարդկանց ծեծել են մահակներով և ոտքերով, նրանց ձեռքերը կապել պլաստիկ ժապավեններով և սպառնացել՝ պահանջելով լքել Սեուտան։ Amnesty-ն պնդում է, որ նման դրվագները կրկնվող գործելակերպի նշաններ ունեն, հատկապես Regulares-ի և Լեգեոնի ստորաբաժանումների գործողությունների ընթացքում։

Amnesty-ն կարծում է, որ արձանագրված որոշ գործողություններ կարող են ընկնել խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի սահմանման տակ։

Իրավապաշտպանները կոչ են արել անկախ և համապարփակ հետաքննություն անցկացնել ու պարզել մեղավորների հնարավոր քրեական և կարգապահական պատասխանատվությունը։

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը Euronews-ին հայտնել է, որ օպերատիվ հրամանատարությանը հանձնարարել է հետաքննել զեկույցում ներկայացված հանգամանքները և պարզել հնարավոր անհատական պատասխանատվությունը։ 

Ինչպես հաղորդվում է՝ Amnesty International-ը հետաքննությունն անցկացվել է Սեուտայում սեպտեմբերի 10-15-ը։

  • Կիսվել: