Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Եթե (ԱՄՆ-ն) մեզ սպառնա, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք իրականացնեն այդ սպառնալիքը, մենք նույնպես կիրականացնենք սպառնալիքը: Եթե նրանք գրոհեն մեր ժողովրդի անվտանգության վրա, մենք, անկասկած, նույնպես կգրոհենք նրանց անվտանգության վրա»,- ասել է Խամենեին երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:
Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը ոչ մի բանակցություն չպետք է վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ «նրանք մեկ անգամ արդեն խաբել են Թեհրանին. նրա հետ կնքել են միջուկային գործարք, չեն կատարել դրա պայմանները, չեն հանել հակաիրանական պատժամիջոցները և միակողմանիորեն խզել են համաձայնագիրը»։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին։ Դրա հետ մեկտեղ նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի հաճախակի կիրառել դա։