Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ հաղորդագրություն են տարածել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը տարածել են համատեղ հաղորդագրություն, գրում է parstoday.com-ը:
Կիրակի օրը կայացած հանդիպումից հետո, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմեդ Էսլամին, համատեղ հաղորդագրություն տարածելով, կարևորել են միջուկային տարբեր ոլորտներում տեխնիկական համագործակցությունների ընդլայնումը:
Հաղորդագրության մեջ ասված է.«Կողմերը վերահաստատեցին համագործակցության ոգին, փոխվստահությունը և դրա շարունակման կարևորությունը, ինչպես նաև առկա խնդիրները կառուցողական և բացառապես տեխնիկական միջավայրում կարգավորելու անհրաժեշտությունը»:
Հաղորդագրության մեջ ասված է.«Համագործակցության շրջանակում կողմերը որոշեցին շարունակել համապատասխան մակարդակներում փոխադարձ հանդիպումները»:
Ըստ հայտարարության, նախատեսվում է ապագայում բարձր մակարդակի խորհրդակցություններ անցկացվեն Իրանի կառավարության հետ` նպատակ ունենալով ամրապնդել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: