Իրանում գրոհայինները զինված հարձակում են գործել ոստիկանական տեղամասի վրա
Այսօր մի քանի գրոհայիններ զինված հարձակում են գործել Զահեդանի՝ Իրանի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաքի ոստիկանական տեղամասի դեմ, հայտնում են ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ հարձակվողները մահապարտների դեղին հագուստով էին, եւ նրանցից երկուսը պայթեցրել են իրենց։
Շրջանում կրակոցներ են լսվել: Ըստ որոշ տվյալների՝ հարձակվողները փորձել են ներխուժել ոստիկանական տեղամաս։
Ինչպես հայտնել են ականատեսները՝ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական տեղամասի հսկիչ աշտարակ եւ վերեւից կրակել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանական եւ անվտանգության ուժերը շրջապատել են հարձակվողներին ինտենսիվ փոխհրաձգության պայմաններում։