երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանի զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը. Բաղայի

Իրանի զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը. Բաղայի

Ցանկացած արտաքին ագրեսիա Իրանի նկատմամբ կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց ունակությունը: Մենք ամբողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, ապա նրանք անմիջապես համապարփակ պատասխան կստանան», - ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում: 

«Իսլամական հանրապետության հասցեին ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա», - հավելել է նա։

Խոսնակը նաև նախազգուշացրել է հարևան երկրներին՝ իրենց տարածքը հարթակ չդարձնել Իրանի վրա հարձակումների համար։

«Մենք մեր հարևանների ուշադրությունն ենք հրավիրում, որ երրորդ անձանց ցանկացած փորձ՝ իրականացնելու սադրանքներ և հրկիզումներ (իրենց տարածքից), կունենա իր  հետևանքները։ Կրակի բնույթն այնպիսին է, որ այն արագորեն տարածվում է», - նշել է Բաղային։

Ապրիլի 6-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։ 

Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ ռազմական միջամտության հավանականությանը, բայց նախազգուշացրել էր, որ Իրանում անկարգություններ հրահրելու Վաշինգտոնի ցանկացած փորձ վճռական հակահարված կստանա։

 

  • Կիսվել: